Մինչ Երևանում նոր կառավարությունը սահմանում է օրակարգը, ժամանակն է քննարկել կալանավորման անհամաչափ կիրառումը քաղաքականապես զգայուն դատավարություններում:
Հայ ժողովուրդը, որ անցյալ ամիս փողոց դուրս եկավ երկրի հետխորհրդային պատմության մեջ ամենախոշոր զանգվածային ցույցերին, բազմաթիվ այլ դժգոհություններ ուներ՝ բացի Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը պահպանելու փորձից: Ցուցարարները մտահոգություններ ունեին կապված անարդար ընտրությունների, կոռուպցիայի և Հայաստանի տնտեսությունն օղակի մեջ վերցրած օլիգարխների հետ: Մտահոգություններ կային նաև դատական համակարգի հարցում, որը շատերն անարդար են համարում: Մի շարք աղմկոտ միջադեպեր այնպիսի ընկալումներ են առաջացրել, որ երկրում քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ են իրականացվում: Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ՝ իրականացնելու հանրության պահանջած փոփոխությունները, այդ թվում քաղաքականացված արդարադատության ոլորտում:
Տարածված է հանրային այն ընկալումը, որ դատական համակարգը ճեղքեր ունի: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության՝ 2017թ. ամենամյա համաժողովրդական հարցման համաձայն՝ հարցման մասնակիցների միայն 4%-ն է ամբողջովին վստահում դատարաններին, իսկ 30%-ը ամբողջովին չի վստահում:
Քաղաքական առումով զգայուն գործերի մի քանի օրինակ (հատկապես այնպիսիք, որոնք կապված են հանրային բողոքների և այլ քաղաքացիական ու քաղաքական գործունեության հետ) պարզ է դարձնում, թե ինչով է պայմանավորված հանրային այդ ընկալումը:
Միակողմանի հաշվետվողականություն
Հակակառավարական ցույցերն անսովոր երևույթ չեն ժամանակակից Հայաստանում: Դրանք հիմնականում խաղաղ բնույթ են կրել, չնայած լուրջ մարտահրավեր են առաջացրել ոստիկանության համար: Հազվադեպ, բայց եղել են դեպքեր, երբ ցուցարարները բռնությամբ համակցված բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Ոստիկանությունը հաճախ ցրել է հավաքները (անկախ նրանից՝ խաղաղ էին, թե ոչ)՝ կիրառելով անհամաչափ ուժ, որոշ դեպքերում պատճառելով լուրջ վնասվածքներ: Այնուամենայնիվ, իշխանությունները գնացին ենթադրյալ իրավախախտների միայն մի խմբի հետևից, առանձնացնելով ցուցարարներին և քրեորեն հետապնդելով նրանց, մյուս կողմից թույլ տալով ոստիկանությանը անհամաչափ ուժ կիրառել և խուսափել պատժից:
Օրինակ, 2008թ. մարտի ցույցերը սկսվեցին խաղաղ և ավարտվեցին մահացու բախումներով այն բանից հետո, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց իրենցից որևէ սպառնալիք չներկայացնող ցուցարարների նկատմամբ: 52 ցուցարար ազատազրկման դատապարտվեց: Ու չնայած զոհված 10 ցուցարարներից 3-ը մահացել էին արցունքաբեր գազի կանիստրի հարվածից (ամենայն հավանականությամբ այն արձակվել էր ուղղակի ցուցարարների ուղղությամբ շատ մոտ տարածութունից), ոստիկաններից ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:
Ավելի ուշ շրջանի մեկ այլ օրինակ՝ 2016թ. հուլիսի ցույցերը, որոնք բռնկվեցին ծայրահեղ ընդդիմադիր «Սասնա ծռեր» խմբի կողմից Երևանի ՊՊԾ գնդի բռնի գրավումից հետո: Նրանց հանդեպ հանրային աջակցությունը և կառավարության նկատմամբ դժգոհությունը վերածվեցին Երևանում գրեթե ամենօրյա ցույցերի: Հուլիսի 29-ին ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց՝ հիմնականում խաղաղ ցույցը ցրելու համար, պատճառելով վնասվածքներ, որոշ դեպքերում՝ լուրջ: Այս անգամ դեպքերի քննությունը հանգեցրեց Երևանի ոստիկանապետի հեռացմանը և 17 ոստիկանների դեմ կարգապահական միջոցների:
Բայց իշխանությունները նաև ագրեսիվորեն հետապնդեցին 21 ցուցարարների, որոնցից 11-ը ազատազրկվեցին մինչև 3.5 տարի ժամկետով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և լրագրողների աշխատանքները խոչընդոտելու համար: Հաշվետվողականության նման անհավասար ջանքերը նպաստում են դատական համակարգի քաղաքական շահարկումների վերաբերյալ ընկալումներին:
Կալանավորման չարաշահումը
Տարածաշրջանում միակը չլինելով նման գործելաոճով՝ Հայաստանի դատարանները համատարած կիրառում են կալանավորումը՝ որպես խափանման միջոց, ինչը մենք փաստագրել ենք քաղաքականապես զգայուն գործերում։ Դատախազները հաճախ պարզապես թվարկում են գրավը մերժելու՝ օրենքով սահմանված հիմքերը, այդ թվում փախուստի դիմելու և քննությանը հնարավոր միջամտության ռիսկը՝ առանց ցույց տալու՝ որքանով են այդ հիմքերը արդարացիորեն կիրառելի կասկածյալի նկատմամբ: Հետո դատարանները պարզապես կիրառում են կալանավորում՝ խախտելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որը բազմիցս պարզաբանել է, որ դատարանները կալանավորում կիրառելիս չպետք է հիմնվեն «ընդհանուր և վերացական» պատճառների վրա:
Մեկ օրինակ է ընդդիմադիր և ցույցերի առաջնորդ Անդրեաս Ղուկասյանի հանդեպ կալանավորման կիրառումը, ով ձերբակալվել էր 2016թ. հուլիսյան ցույցերի ժամանակ: Իշխանությունները քննության ընթացքում՝ մոտ 2 տարի նրան փակված պահեցին՝ դա հիմնավորելով միայն մեղադրանքի ծանրությամբ: Ղուկասյանն ազատ արձակվեց մայիսի 7-ին՝ Սարգսյանի հրաժարականից հետո: Ու չնայած Ղուկասյանի նկատմամբ լուրջ քրեական մեղադրանքները մնում են, այժմ նա ազատության մեջ է և նախապես պատիժ չի կրում այն մեղադրանքների համար, որոնք դեռ չեն ապացուցվել: Եվ նա կկարողանա իր պաշտպանությունը կազմակերպել առանց ազատազրկման ենթարկված լինելու լրացուցիչ ճնշման:
Մեկ այլ օրինակ է «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական խմբի անդամ Կարո Եղնուկյանը, որը ճաղերի ետևում է 2016թ. հուլիսին իր ձերբակալությունից հետո: Իշխանությունները նրան մեղադրում են ոստիկանության գնդի գրավման գործում «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, ընդ որում, մեղադրանքն ըստ երևույթին, հիմնված է մի քանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների վրա: Դատախազությունն ավելի վաղ փաստել էր, որ Եղնուկյանը կարող է փախուստի դիմել կամ միջամտել քննությանը, այնուամենայնիվ, չէին ներկայացվել այդ մեղադրանքները հիմնավորող հստակ փաստեր կամ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են Եղնուկյանին կալանքի տակ պահելու համար:
Նշված ցույցերի ժամանակ ձերբակալվածներից առնվազն 10-ը շարունակում են մնալ կալանավորված, նրանք բոլորն էլ մեղադրվում են ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Ոչ համաչափ մեղադրանքներ և դատավճիռներ
Իշխանությունները նաև ոչ համաչափ մեղադրանքներ ու դատավճիռներ են կիրառել ընդդիմության և քաղաքական ակտիվիստների նկատմամբ: Օրինակ, 2017թ. հունվարին ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի համար, երբ մի խումբ հակակառավարական ցուցարարներ փորձում էին Ամանորի գիշերը փոքր, խաղաղ հանրային հավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունը կոպտորեն միջամտեց, երբ մասնակիցները փորձեցին փոքր ամանորյա եղևնի տեղադրել հրապարակում, և արդյունքում վիճաբանություն տեղի ունեցավ ոստիկանության ու մի քանի ցուցարարների, այդ թվում Սաֆարյանի միջև: Ոստիկանությունն ազատ արձակեց մյուսներին, մինչդեռ Սաֆարյանին, ով հաճախակի ներգրավված է եղել ցույցերում, մեղադրանք առաջադրվեց, և նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու համար:
Երբ 2017թ. դեկտեմբերին ավարտին էր մոտենում Սաֆարյանի ազատազրկման ժամկետը, որի մեջ ներառված էր կալանքում գտնվելու ժամանակահատվածը, իշխանությունները նոր մեղադրանք առաջադրեցին նրան, այս անգամ դավադրության համար՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ 2015թ. ապրիլին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար:
Ես ուսումնասիրել եմ մեղադրական եզրակացությունը և դատավճիռը: Տպավորություն է, որ մեղադրանքները հիմնված են գլխավորապես այն ելույթների վրա, որոնք ունեն ծայրահեղական, բայց ոչ օրենքին հակասող բովանդակություն:
Երկուսն էլ մարտին դատապարտվել են: Սաֆարյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Սեֆիլյանը, ում դեմ նույն դավադրության գործով անցնող մյուս 5 մեղադրյալների հետ միասին կային մի քանի այլ մեղադրանքներ, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
Որոշ դեպքերում իշխանությունները ակտիվիստների դեմ մեղադրանքներ են առաջ քաշել՝ ըստ երևույթին կապված նրանց գործունեության հետ: Հայաստանի իրավապաշտպանները մտահոգություններ են հայտնել՝ կապված Մարինա Պողոսյանի դեմ շորթման քրեական կեղծ մեղադրանքների հետ: Պողոսյանի «Վելես» կազմակերպությունը իրավական աջակցություն էր ցուցաբերում կողոպտիչ վարկատուների զոհերին, ընդ որում այդ վարկատուներից ոմանք ենթադրաբար կապ ունեին իշխանությունների հետ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 8 տարվա ազատազրկման:
Ի՞նչ կլինի հետո
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդումների գործերը պետք է լուծվեն «միայն օրինական միջոցներով», ըստ երևույթին նկատի ունենալով դատարանները և ընդհանուր առմամբ քրեական արդարադատության համակարգը:
Այդպիսի մի քայլ դատախազներն ու դատավորները կարող են կատարել հենց հիմա՝ դադարեցնելով կալանավորման համատարած կիրառումը, և փոխարենը դա կիրառելով որպես ծայրահեղ միջոց, երբ փաստերն արդարացնեն այդ միջոցը՝ համաձայն Հայաստանի միջազգային պարտավորությունների: Նրանք նաև պետք է շատ զգուշորեն մաղեն առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններում սպասման մեջ գտնվող մի շարք գործերը՝ համոզվելու, որ մեղադրանքներն ու բողոքարկված դատավճիռները հիմնված են հիմնավոր ապացույցների վրա և անհամաչափ չեն, նպատակ չունեն լռեցնել կամ հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հետ, որոնց ուղերձների հետ իշխանությունները համաձայն չեն:
Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների հարցի լուծումը հեշտ չէ, բայց շատ կարևոր է Հայաստանի քրեական արդարադատության նկատմամբ հավատը վերականգնելու տեսանկյունից: